ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՏԱՐՐ

 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՏԱՐՐ

Սիմոնյան Ասյա Արթուրի
ԳՊՄԻ Սպորտային մանկավարժության ամբիոն

Սեղմագիր
Գեղարվեստական մարմնամարզության և ընդհանուր մշակութային արժեքների  համադրության և համեմատական վերլուծության արդյունքում բացահայտվում է դրանց փոխկապակցվածության և փոխազդեցությունների ներդաշնակ բնույթը:
 Резюме
На основе анализа и сопоставления художественной гимнастики с общечеловеческими ценностями раскрыта гармоничный характер их взаимосвязи и взаимодействия.
 Abstract
In the result of the comparative analysis of rhythmic gymnastics and overall cultural values the harmonious essence of their correlation and interaction is revealed. 


 Աշխատանքի նպատակն է դիտարկել գեղարվեստական մարմնամարզությունը որպես ֆիզիկական կուլտուրայի և համամարդկային  մշակույթի բաղկացուցիչ տարր:
Ֆիզիկական կուլտուրան ծնվել և զարգացել է զուգահեռ համամարդկային նյութական և հոգևոր մշակույթին՝ հանդիսանալով նրա օրգանական մասը: Մարդու զարգացման ներդաշնակությունը գնահատվել է բոլոր ազգերի կողմից, բոլոր ժամանակներում: ‹‹Մշակույթը›› հասարակական սոցիալական փորձի արդյունքում ձեռք բերված և սերնդե սերունդ փոխանցվող կարևորագույն արժեքների, մտքերի, հավատքի, ավանդույթների, վարքագծի նորմերի և օրենքների համախումբ է, որոնց արդյունքում մարդիկ կազմակերպում են իրենց կենսագործունեությունը:  ‹‹Մշակույթի›› զարգացման մշակութա-հոգեբանական գործընթացի հիմքում և բովանդակությունում առաջնահերթ է համարվում մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների զարգացումը, նրա բարոյական և էսթետիկ որակները: Ֆիզիկական կուլտուրայի ոլորտում մարդու շարժողական հնարավորություների զարգացումը անբաժանելի է նրա անձնական որակների զարգացումից, ավելին՝ բնորոշվում է նրանցով: Ըստ Յու. Մ. Նիկոլայեվի (1999) ‹‹Ֆիզիկական կուլտուրան նույն ընդհանուր կուլտուրան է, միայն թե հոգևոր կողմի գերակշռությամբ, որը իրականացվում է յուրահատուկ ձևով՝ գիտակցված շարժողական գործունեության միջոցով: Շարժողական գործունեությունը հանդիսանում է, որպես մարդու բազմաթիվ պահանջմունքների բավարարման միջոց՝ նրա ինքնազարգացումը, ինքնադրսևորումը, ինքնաճանաչումը և ինքնակատարելագործումը››: Ֆիզիկական կուլտուրան ունի չորս հիմնական ձև.
  •  մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստություն
  •   վերականգնողական ֆիզիկական կուլտուրա
  •   ֆիզիկական կուլտուրայի կիրառությունը հանգստի նպատակներով
  •   բարձր նվաճումների սպորտ

Առանձնացնելով բարձր նվաճումների սպորտը, պետք է ասել, որ համաշխարհային միտում է հանդիսանում վերջինիս նկատմամբ մարդկանց հետաքրքրության աննախադեպ աճը, ինչը արտահայտում է հիմնարար փոփոխություները ժամանակակից մշակույթում՝ խթանելով ժամանակակից և հատկապես Օլիմպիական սպորտը: Որպես յուրահատուկ մշակութային ուղղվածություն ունեցող պետք է առանձնացնել գեղարվեստական ուղղվածությամբ սպորտաձևերը՝ գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, սպորտային պարեր, սպորտային ակրոբատիկա, էսթետիկ մարմնամարզություն  և այլն: Այս սպորտաձևերը առանձնանում են իրենց բազմագործոնությամբ և գլխավոր մշակութային ձուլող տարրեր են հանդիսանում երաժտության, բեմական կերպարի, շարժումների սահունության, բովանդակալից ‹‹խոսքի›› և ֆիզիկական որակների ներդաշնակությունը: Հաշվի առնելով վերը նշվածը, գեղարվեստական մարմնամար-զությունը հանդիսանում է մեր մոլորակի ամենագեղեցիկ, ամենանրբագեղ, դիտարժան և մշակույթին ամենամոտ կանգնած սպորտաձևերից մեկը:
Գեղարվեստական մարմնամարզությունը որպես կանացի սպորտաձև ստեղծվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբում: Այն ձևավորվել է երկար տարիների ընթացքում՝ միաձուլելով իր մեջ ‹‹էսթետիկ մարմնամարզությունը›› (Ֆ.Դելսարտ), ‹‹ռիթմիկ մարմնամարզությունը›› (Ե.Ժ.ԴելԿրոզա), ‹‹Պարային մարմնամարզությունը›› (Ժ.Դեմենի) և ‹‹Ազատ պարը›› (Ա.Դունկան): Գեղարվեստական մարմնամարզությունը իր էությամբ ծնունդ է առել արվեստից և միացել սպորտին՝ դառնալով յուրօրինակ մշակույթային համաձուլվածք:
 Կանանց ֆիզիկական դաստիարակության գիտական հիմնավորման մեջ մեծ ներդրում ունի ֆրանսիացի ֆիզիոլոգ և մանկավարժ Ժորժ Դեմենին: Նա ապացուցեց դինամիկ վարժությունների, մկանները ձգող և թուլացնող վարժությունների, պարային քայլերի, գործիքներով վարժությունների (գուրզեր, փայտե ձող) կիրառման նպատակահարմարությունը, որոնք նպաստում են ճկունության, ճարպկության լավ կեցվածքի և գեղեցիկ շարժուձևի ձևավորմանը: Արտահայտիչ շարժողական հմտության տեսության  մշակման մեջ իր մեծ ներդրում ունի մեկ այլ ֆրանսիացի մանկավարժ՝ Ֆրանսուա Դելսարտը: Ուսումնասիրելով դրամատիկ արվեստը, նա եկավ այն եզրակացության, որ մարդու ցանկացած հուզողական անհանգստություն ուղեկցվում է մարմնի որոշակի շարժումներով, հետևաբար, շարժումների վերարտադրման ճանապարհով կարելի է հանդիսատեսի մոտ ստեղծել էմոցիոնալ տպավորություններ: Նրա կողմից ստեղծված ‹‹Գեղարվեստական ժեստի քերականությունը›› կիրառվեց ֆիզիկական դաստիարակությունում, հատկապես մասսայական մարմնամարզական ելույթների ժամանակ, որոնք կատարվում էին երաժշտության ուղեկցությամբ: Ժ.Դելսարտի մշակած մտքերը և սկզբունքները իրենց արտահայտությունը գտան հայտնի պարուհի Այսեդորա Դունկանի պարարվեստում: Նրա պարային իմպրովիզացիաները, որոնք կառուցված էին շարժողական ազատ պլաստիկայի  հիման վրա, հիշեցնում են ժամանակակից գեղարվեստական մարմնամարզությունը: Այս տարիներին մեծ տարածում է գտնում ռիթմիկ մարմնամարզությունը, որի հիմնադիրն է Ժնևյան կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Ժակ Դելկրոզը: Նա մշակել է վարժությունների երեք խումբ՝ ռիթմիկ շարժումներ, երաժշտական ընկալումը մշակող վարժություններ և իմպրովիզացված գործողություններ, որոնք պարապողների մոտ մշակում էին երաժշտականություն և լսողություն: Սկզբում ռիթմիկ մարմնամարզությունը երաժիշտների և արտիստների դաստիարակման միջոց էր, այնուհետև այն իր կիրառությունը գտավ ֆիզիկական դաստիարակության ոլորտում: Ժ.Դեմենու, Ֆ. Դելսարտի, Ժ.Դալկրոզի և նրանց շարունակողների ուսուցողական  համակարգերը իրենց նշանակալի ազդեցությունը ունեցան գեղարվեստական մարմնամարզության ծնման և զարգացման վրա: Գեղարվեստական մարմնամարզությունը ծնունդ առավ կանանց ֆիզիկական դաստիարակության իրականացման  և առողջության պահպանման նպատակով, որը նրբանկատորեն, հանճարեղ ձևով ներառում և զարգացնում է այն բարոյական, ֆիզիկական բոլոր որակները, որոնց նախադրյալները ի սկզբանե դրված են կնոջ մեջ: Այն այսօր էլ շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
Գեղարվեստական մարմնամարզությունում լայնորեն կիրառվում են համա-մարդկային մշակութային ժառանգություն հանդիսացող երաժշտական գոհարները՝ դասական, ազգային, ժամանակակից, ինչպես նաև հայտնի ֆիլմերի երաժշտու-թյուններ: Միջազգային մրցաշարերում յուրաքանչյուր երկիր ներակայացնում է նաև իր ազգային կոլորիտը: Վերջին 10 տարիներին մեծ մասսայականություն են վայելում մրցումներից հետո կազմակերպվող եզրափակիչ  Գալա համերգները, որոնք գրավում են հազարավոր հանդիսականների, որպես յուրատեսակ սպորտային և մշակութային միջոցառումներ: Որպես մշակութային երևույթ իրենց անկրկնելի դիզայնով առանձնանում են նաև մարզուհիների մարզահագուստները, որոնք նրբանկատորեն համաձայնեցվում են մարզուհու ընտրած երաժշտության և բեմական կերպարի հետ: Դրանք բազմաթիվ նկարիչների և դիզայներների յուրօրինակ ստեղծագործություններ են: Անժխտելի է գեղարվեստական մարմնամարզության կապը դասական խորեոգրաֆիայի և պարարվեստի այլ ճյուղերի հետ, այլ կերպ ասած խորեոգրաֆիկ պատրաստությունը գեղարվեստական մարմնամարզության անբաժանելի մասն է, որը դաստիարակում է շարժման կուլտուրա, կատարելագործում է ֆիզիկական պատրաստությունը, զարգացնում է արտիստականություն և երաժշտականություն: Հաճախ կարելի է տեսնել մարմնամարզուհիների ելույթները մշակութային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզությունից փոխառնված սպորտային տարրերի կիրառությունը ժամանակակից պարարվեստում:
  Գեղարվեստական մարմնամարզության մշակութային ուղղվածությունը կարելի է տեսնել նաև ծրագրանորմատիվային կանոններում, որոնք միտված են մարզուհիների մոտ վարժությունների գեղարվեստական բարձր  արժեքի պահպանմանը: Սպորտաձևի զարգացման ընթացքում տեխնիկական և ֆիզիկական  պատրաստության մակարդակների անընդհատ աճը նպաստեց, որ վարժությունների գնահատման չափանիշները ուղղվեն մարզուհիների կողմից կատարողականության նկատմամբ պահանջների բարձրացմանը: Հատկանշական է մարզիչների և մարզուհիների ազատ ստեղծագործական աշխատանքը, կոմպոզիցիաների ստեղծման հարցում, որը մշակութային գործունեության հիմքն է կազմում արվեստի բոլոր ճյուղերում: Ներկայումս գեղարվեստական մարմնամարզության մրցավարությունում մեծ ուշադրություն է դարձվում արտիստականությանը, երաժշտության և մարզուհու միաձույլ աշխատանքին, շարժումների կատարելությանը և բեմական կերպարին: Անդրադառնալով մրցավարությանը՝ պետք է նշել, որ վերը նշված բոլոր սպորտաձևերում արտիստականությունը հանդես է գալիս, որպես առանձին մրցակցական գործոն և մարզիկների սպորտային արդյունքները ուղղակիորեն կախված են ոչ միայն նրանց ֆիզիկական և տեխնիկական  պատրաստությունից, այլև նրանց հոգևոր և զգացմունքային կատարումներից: Հայտնի բոլոր գրական աղբյուրներում գեղարվեստական մարմնամարզությունը բնութագրվում է որպես մշակույթի և սպորտի համաձուլվածք:
-     Այսպիսով՝ ֆիզիկական կուլտուրան և սպորտը հանդիսանում են համաշխարհային մշակույթի ոչ միայն կարևոր բաղկացուցիչը, այլև մարդկության ամենաթանկարժեք ձեռքբերումը, որոնք իրենց մեջ ամփոփում են համամարդկային արժեքները:
-     20-21-րդ դարի հասարակության մշակութային ձեռքբերումներից է նաև գեղարվեստական մարմնամարզությունը, որը իր մեջ ամփոփում է մշակույթի և սպորտի ամենահանճարեղ համադրությունը՝ ստեղծելով ներդաշնակ զարգացած կնոջ հիասքանչ կերպարը:
-     Ներկայումս գեղարվեստական մարմնամարզության զարգացումը և մասսայականացումը ընկած է մի շարք երկրների ազգային զարգացման ծրագրի հիմքում, որպես առողջ գենոֆոնդի պահպանման գրավական, որը լուծում է կանանց մտավոր, ֆիզիկական, բարոյահոգեբանական, էսթետիկ և կամային որակների դաստիարակության խնդիրները, ինչպես նաև կանանց առողջության պահպանման հիմնախնդիրը, որպես ապագա մայրեր:
-     Ակնառու է գեղարվեստական մարմնամարազության և ընդհանուր մշակույթի միջև անժխտելի կապը, ինչը գեղարվեստական մարմնամարզությունը դարձնում է ոչ միայն սպորտային, այլև մշակութային բացառիկ երևույթ և անընդհատ փոխներգործության արդյունք:


Գրականություն

1.    В.И.Ильинича. Физическая культура студента; -М: Гардарики, 2000
2.    Николаев Ю.М. Теория физической культуры: -М: и ФиС 1999
3.    Т.С. Лисицкая . Хореография в гимнастике - М: и ФиС 1984
4.    www.fig-gymnastics.com / rhythmic gymnastics /about rhythmic/
5.    www.olimp-champio.ru/summer/rhythmic-gymnastics/
6.    Правила судейства по художественной гимнастике 2009-2012


Gyumri 2012

Комментариев нет:

Отправить комментарий