ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՏԱՐՐ
Սիմոնյան
Ասյա Արթուրի
ԳՊՄԻ
Սպորտային մանկավարժության ամբիոն
Սեղմագիր
Գեղարվեստական մարմնամարզության
և ընդհանուր մշակութային արժեքների համադրության
և համեմատական վերլուծության արդյունքում բացահայտվում է դրանց փոխկապակցվածության
և փոխազդեցությունների ներդաշնակ բնույթը:
Резюме
На основе анализа и сопоставления художественной
гимнастики с общечеловеческими ценностями раскрыта гармоничный характер их
взаимосвязи и взаимодействия.
Abstract
In the result of
the comparative analysis of rhythmic gymnastics and overall cultural values the
harmonious essence of their correlation and interaction is revealed.
Աշխատանքի նպատակն է դիտարկել գեղարվեստական
մարմնամարզությունը որպես ֆիզիկական կուլտուրայի և համամարդկային մշակույթի բաղկացուցիչ տարր:
Ֆիզիկական կուլտուրան ծնվել և զարգացել է զուգահեռ համամարդկային
նյութական և հոգևոր մշակույթին՝ հանդիսանալով նրա օրգանական մասը: Մարդու զարգացման
ներդաշնակությունը գնահատվել է բոլոր ազգերի կողմից, բոլոր ժամանակներում: ‹‹Մշակույթը››
հասարակական սոցիալական փորձի արդյունքում ձեռք բերված և սերնդե սերունդ փոխանցվող
կարևորագույն արժեքների, մտքերի, հավատքի, ավանդույթների, վարքագծի նորմերի և օրենքների
համախումբ է, որոնց արդյունքում մարդիկ կազմակերպում են իրենց կենսագործունեությունը:
‹‹Մշակույթի›› զարգացման մշակութա-հոգեբանական
գործընթացի հիմքում և բովանդակությունում առաջնահերթ է համարվում մարդու ֆիզիկական
և մտավոր ունակությունների զարգացումը, նրա բարոյական և էսթետիկ որակները: Ֆիզիկական
կուլտուրայի ոլորտում մարդու շարժողական հնարավորություների զարգացումը անբաժանելի
է նրա անձնական որակների զարգացումից, ավելին՝ բնորոշվում է նրանցով: Ըստ Յու. Մ. Նիկոլայեվի
(1999) ‹‹Ֆիզիկական կուլտուրան նույն ընդհանուր կուլտուրան է, միայն թե հոգևոր կողմի
գերակշռությամբ, որը իրականացվում է յուրահատուկ ձևով՝ գիտակցված շարժողական գործունեության
միջոցով: Շարժողական գործունեությունը հանդիսանում է, որպես մարդու բազմաթիվ պահանջմունքների
բավարարման միջոց՝ նրա ինքնազարգացումը, ինքնադրսևորումը, ինքնաճանաչումը և ինքնակատարելագործումը››:
Ֆիզիկական կուլտուրան ունի չորս հիմնական ձև.
- մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստություն
- վերականգնողական ֆիզիկական կուլտուրա
- ֆիզիկական կուլտուրայի կիրառությունը հանգստի նպատակներով
- բարձր նվաճումների սպորտ
Առանձնացնելով բարձր նվաճումների սպորտը, պետք է ասել, որ համաշխարհային
միտում է հանդիսանում վերջինիս նկատմամբ մարդկանց հետաքրքրության աննախադեպ աճը, ինչը
արտահայտում է հիմնարար փոփոխություները ժամանակակից մշակույթում՝ խթանելով ժամանակակից
և հատկապես Օլիմպիական սպորտը: Որպես յուրահատուկ մշակութային ուղղվածություն ունեցող
պետք է առանձնացնել գեղարվեստական ուղղվածությամբ սպորտաձևերը՝ գեղարվեստական մարմնամարզություն,
գեղասահք, սպորտային պարեր, սպորտային ակրոբատիկա, էսթետիկ մարմնամարզություն և այլն: Այս սպորտաձևերը առանձնանում են իրենց բազմագործոնությամբ
և գլխավոր մշակութային ձուլող տարրեր են հանդիսանում երաժտության, բեմական կերպարի,
շարժումների սահունության, բովանդակալից ‹‹խոսքի›› և ֆիզիկական
որակների ներդաշնակությունը: Հաշվի առնելով վերը նշվածը, գեղարվեստական մարմնամար-զությունը
հանդիսանում է մեր մոլորակի ամենագեղեցիկ, ամենանրբագեղ, դիտարժան և մշակույթին ամենամոտ
կանգնած սպորտաձևերից մեկը:
Գեղարվեստական մարմնամարզությունը որպես կանացի սպորտաձև ստեղծվել
է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբում: Այն ձևավորվել է երկար տարիների ընթացքում՝
միաձուլելով իր մեջ ‹‹էսթետիկ մարմնամարզությունը›› (Ֆ.Դելսարտ), ‹‹ռիթմիկ մարմնամարզությունը›› (Ե.Ժ.ԴելԿրոզա), ‹‹Պարային մարմնամարզությունը›› (Ժ.Դեմենի) և ‹‹Ազատ պարը›› (Ա.Դունկան): Գեղարվեստական
մարմնամարզությունը իր էությամբ ծնունդ է առել արվեստից և միացել սպորտին՝ դառնալով
յուրօրինակ մշակույթային համաձուլվածք:
Կանանց ֆիզիկական դաստիարակության գիտական հիմնավորման
մեջ մեծ ներդրում ունի ֆրանսիացի ֆիզիոլոգ և մանկավարժ Ժորժ Դեմենին: Նա ապացուցեց
դինամիկ վարժությունների, մկանները ձգող և թուլացնող վարժությունների, պարային քայլերի,
գործիքներով վարժությունների (գուրզեր, փայտե ձող) կիրառման նպատակահարմարությունը,
որոնք նպաստում են ճկունության, ճարպկության լավ կեցվածքի և գեղեցիկ շարժուձևի ձևավորմանը:
Արտահայտիչ շարժողական հմտության տեսության
մշակման մեջ իր մեծ ներդրում ունի մեկ այլ ֆրանսիացի մանկավարժ՝ Ֆրանսուա Դելսարտը:
Ուսումնասիրելով դրամատիկ արվեստը, նա եկավ այն եզրակացության, որ մարդու ցանկացած
հուզողական անհանգստություն ուղեկցվում է մարմնի որոշակի շարժումներով, հետևաբար, շարժումների
վերարտադրման ճանապարհով կարելի է հանդիսատեսի մոտ ստեղծել էմոցիոնալ տպավորություններ:
Նրա կողմից ստեղծված ‹‹Գեղարվեստական ժեստի քերականությունը››
կիրառվեց ֆիզիկական դաստիարակությունում, հատկապես մասսայական մարմնամարզական ելույթների
ժամանակ, որոնք կատարվում էին երաժշտության ուղեկցությամբ: Ժ.Դելսարտի մշակած մտքերը
և սկզբունքները իրենց արտահայտությունը գտան հայտնի պարուհի Այսեդորա Դունկանի պարարվեստում:
Նրա պարային իմպրովիզացիաները, որոնք կառուցված էին շարժողական ազատ պլաստիկայի հիման վրա, հիշեցնում են ժամանակակից գեղարվեստական
մարմնամարզությունը: Այս տարիներին մեծ տարածում է գտնում ռիթմիկ մարմնամարզությունը,
որի հիմնադիրն է Ժնևյան կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Ժակ Դելկրոզը: Նա մշակել է վարժությունների
երեք խումբ՝ ռիթմիկ շարժումներ, երաժշտական ընկալումը մշակող վարժություններ և իմպրովիզացված
գործողություններ, որոնք պարապողների մոտ մշակում էին երաժշտականություն և լսողություն:
Սկզբում ռիթմիկ մարմնամարզությունը երաժիշտների և արտիստների դաստիարակման միջոց էր,
այնուհետև այն իր կիրառությունը գտավ ֆիզիկական դաստիարակության ոլորտում: Ժ.Դեմենու,
Ֆ. Դելսարտի, Ժ.Դալկրոզի և նրանց շարունակողների ուսուցողական համակարգերը իրենց նշանակալի ազդեցությունը ունեցան
գեղարվեստական մարմնամարզության ծնման և զարգացման վրա: Գեղարվեստական
մարմնամարզությունը ծնունդ առավ կանանց ֆիզիկական դաստիարակության իրականացման և առողջության պահպանման նպատակով, որը նրբանկատորեն,
հանճարեղ ձևով ներառում և զարգացնում է այն բարոյական, ֆիզիկական բոլոր որակները, որոնց
նախադրյալները ի սկզբանե դրված են կնոջ մեջ: Այն այսօր էլ շարունակում է իրականացնել
իր առաքելությունը:
Գեղարվեստական
մարմնամարզությունում լայնորեն կիրառվում են համա-մարդկային մշակութային ժառանգություն
հանդիսացող երաժշտական գոհարները՝ դասական, ազգային, ժամանակակից, ինչպես նաև հայտնի
ֆիլմերի երաժշտու-թյուններ: Միջազգային մրցաշարերում յուրաքանչյուր երկիր ներակայացնում
է նաև իր ազգային կոլորիտը: Վերջին 10 տարիներին մեծ մասսայականություն են վայելում
մրցումներից հետո կազմակերպվող եզրափակիչ Գալա
համերգները, որոնք գրավում են հազարավոր հանդիսականների, որպես յուրատեսակ սպորտային
և մշակութային միջոցառումներ: Որպես մշակութային երևույթ իրենց անկրկնելի դիզայնով
առանձնանում են նաև մարզուհիների մարզահագուստները, որոնք նրբանկատորեն համաձայնեցվում
են մարզուհու ընտրած երաժշտության և բեմական կերպարի հետ: Դրանք բազմաթիվ նկարիչների
և դիզայներների յուրօրինակ ստեղծագործություններ են: Անժխտելի է գեղարվեստական մարմնամարզության
կապը դասական խորեոգրաֆիայի և պարարվեստի այլ ճյուղերի հետ, այլ կերպ ասած խորեոգրաֆիկ
պատրաստությունը գեղարվեստական մարմնամարզության անբաժանելի մասն է, որը դաստիարակում
է շարժման կուլտուրա, կատարելագործում է ֆիզիկական պատրաստությունը, զարգացնում է արտիստականություն
և երաժշտականություն: Հաճախ կարելի է տեսնել մարմնամարզուհիների ելույթները մշակութային
միջոցառումների ժամանակ, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզությունից փոխառնված սպորտային
տարրերի կիրառությունը ժամանակակից պարարվեստում:
Գեղարվեստական
մարմնամարզության մշակութային ուղղվածությունը կարելի է տեսնել նաև ծրագրանորմատիվային
կանոններում, որոնք միտված են մարզուհիների մոտ վարժությունների գեղարվեստական բարձր
արժեքի պահպանմանը: Սպորտաձևի զարգացման ընթացքում
տեխնիկական և ֆիզիկական պատրաստության մակարդակների անընդհատ աճը նպաստեց,
որ վարժությունների գնահատման չափանիշները ուղղվեն մարզուհիների կողմից կատարողականության
նկատմամբ պահանջների բարձրացմանը: Հատկանշական է մարզիչների և մարզուհիների ազատ ստեղծագործական
աշխատանքը, կոմպոզիցիաների ստեղծման հարցում, որը մշակութային գործունեության հիմքն
է կազմում արվեստի բոլոր ճյուղերում: Ներկայումս գեղարվեստական մարմնամարզության մրցավարությունում
մեծ ուշադրություն է դարձվում արտիստականությանը, երաժշտության և մարզուհու միաձույլ
աշխատանքին, շարժումների կատարելությանը և բեմական կերպարին: Անդրադառնալով մրցավարությանը՝
պետք է նշել, որ վերը նշված բոլոր սպորտաձևերում արտիստականությունը հանդես է գալիս,
որպես առանձին մրցակցական գործոն և մարզիկների սպորտային արդյունքները ուղղակիորեն
կախված են ոչ միայն նրանց ֆիզիկական և տեխնիկական
պատրաստությունից, այլև նրանց հոգևոր և զգացմունքային կատարումներից: Հայտնի
բոլոր գրական աղբյուրներում գեղարվեստական մարմնամարզությունը բնութագրվում է որպես
մշակույթի և սպորտի համաձուլվածք:
-
Այսպիսով՝ ֆիզիկական կուլտուրան
և սպորտը հանդիսանում են համաշխարհային մշակույթի ոչ միայն կարևոր բաղկացուցիչը, այլև
մարդկության ամենաթանկարժեք ձեռքբերումը, որոնք իրենց մեջ ամփոփում են համամարդկային
արժեքները:
-
20-21-րդ դարի հասարակության
մշակութային ձեռքբերումներից է նաև գեղարվեստական մարմնամարզությունը, որը իր մեջ ամփոփում
է մշակույթի և սպորտի ամենահանճարեղ համադրությունը՝ ստեղծելով ներդաշնակ զարգացած
կնոջ հիասքանչ կերպարը:
-
Ներկայումս գեղարվեստական մարմնամարզության
զարգացումը և մասսայականացումը ընկած է մի շարք երկրների ազգային զարգացման ծրագրի
հիմքում, որպես առողջ գենոֆոնդի պահպանման գրավական, որը լուծում
է կանանց մտավոր, ֆիզիկական, բարոյահոգեբանական, էսթետիկ և կամային որակների դաստիարակության
խնդիրները, ինչպես նաև կանանց առողջության պահպանման հիմնախնդիրը, որպես ապագա մայրեր:
-
Ակնառու
է գեղարվեստական մարմնամարազության և ընդհանուր մշակույթի միջև անժխտելի կապը, ինչը
գեղարվեստական մարմնամարզությունը դարձնում է ոչ միայն սպորտային, այլև մշակութային
բացառիկ երևույթ և անընդհատ փոխներգործության արդյունք:
Գրականություն
1.
В.И.Ильинича.
Физическая культура студента; -М: Гардарики, 2000
2.
Николаев Ю.М.
Теория физической культуры: -М: и ФиС 1999
3.
Т.С. Лисицкая .
Хореография в гимнастике - М: и ФиС 1984
4.
www.fig-gymnastics.com / rhythmic gymnastics /about rhythmic/
5.
www.olimp-champio.ru/summer/rhythmic-gymnastics/
6.
Правила
судейства по художественной гимнастике 2009-2012
Gyumri 2012
Gyumri 2012
Комментариев нет:
Отправить комментарий